Տանջանքի գործիքների ու հաջողության ուղու մասին

September 3, 2025
Events

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «Ափսոս» (Up SOS) ռոք խմբի անդամ, տասնյոթամյա Գայանե Խառատյանը շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹամեջի հերթական հյուրը վանաձորյան «Լավ Էլի» խմբի համահիմնադիր ու մենակատար Մհեր Մանուկյանն է լինելու։  «Մենք շատ ենք հավանում նրանց գործերը։

Հատկապես «Գարունը» և «Քո աչքերն» եմ սիրում»,- ասում է Գայանեն,- «Երբ իմացանք, որ Մհերից առաջ մեր խումբն է ելույթ ունենալու, հուզվեցինք ու ուրախացանք։Մենք նվագում ենք Բոբ Դիլանի, Վիկտոր Ցոյի, ինչպես նաև վանաձորցի Մհեր Բեկչյանի ստեղծագործությունները»։

«Ափսոսը» ստեղծվել է վեց ամիս առաջ։ Նրա յոթ անդամները Դսեղ ու Վահագնի համայնքներից են, նվագում են կիթառ, բաս կիթառ ու հարվածային գործիքներ։ Նրանց դասընթացավարը՝ «Որդան կարմիր» խմբի երաժիշտ, երգիչ Դավիթ Գալստյանը, պատմում է, որ «Ափսոս»-ի պատանիները ընդամենը մի քանի ամիս առաջ են առաջին անգամ երաժշտական գործիք բռնել․ «Իսկ այժմ նրանք կարողանում են մի շարք ստեղծագործություններ նվագել, այդ թվում՝ ժողովրդական գործերի ռոք-մշակումներ։ ՍՄԱՐԹամեջը շատ օգտակար կլինի նրանց համար»։

Մհեր Մանուկյանի հետ հանդիպումն իսկապես ոգևորիչ էր պատանի երաժիշտների համար։ Նա եկել էր իր դուստրերի՝ տասնութամյա թավջութակահար Շողերի ու տասնհինգամյա ֆլեյտահար Արփենի հետ։ Շողերն ու Արփենն իրենց տարեկիցների համար նվագեցին «Լավ էլի» խմբի ամենահանրահայտ ստեղծագործությունները։ «Մենք էլի էինք եղել ՍՄԱՐԹ կենտրոնում»,- նշեցին քույրիկները։- «Շատ կարևոր է, որ ՍՄԱՐԹ-ը հենց գյուղական վայրում է կառուցվել։ Պետք չէ կենտրոնանալ միայն Երևան քաղաքի վրա։ Այս երեխաները մեղավոր չեն, որ քաղաքում չեն ծնվել, նրանք պետք է հավասար հնարավորություններ ունենան»։

Մհեր Մանուկյանն էլ պատմեց իր մանկության մասին, երբ անընդհատ լացում էր ու միայն երաժշտություն միացնելով էին կարողանում իր ձայնը կտրել։ Խոսեց իրենց խմբի անցած ճանապարհի, այն ժամանակների մասին, երբ երաժշտական գործիքները, ավելի շուտ, «հողագործության գործիքների կամ տանջանքի գործիքների էին նման»։ «Սակայն ցանկացած դեպքում, ցանկացած դժվարության պարագայում մարդը կարող է իր ուզածին հասնել։ Պետք չի բողոքել, Թումանյանն էլ է ծանր պայմաններում ապրել, բայց հրաշք գործեր է ստեղծել։ Մարդկային գործոնը միշտ ամենակարևորն է»։

Մհերը լոռեցի պատանիներին խորհուրդ տվեց երբեք չընկճվել, միշտ փորձել համախոհներ գտնել․ «Միշտ փնտրեք լուսավորը, ազնիվը․․․ Հիշեք, որ դուք մենակ չեք, աշխարհում բազմաթիվ անաչառ, ազնիվ, բարի մարդիկ կան։ Թումանյան կարդացեք։ Փնտրեք կապն աշխարհի հետ»։

Հանդիպումից հետո «Ափսոս» խմբի անդամ Անի Ղուլինյանն ասաց․ «Եթե Լոռու մարզում ես ապրում ու լավ երաժշտության սիրահար ես, հաստատ «Լավ էլի» խմբին կճանաչես։ Բայց, փաստորեն, նրանց բոլորն են ճանաչում։ Դահլիճը լիքն էր, Երևանից էլ էին եկել։ Ես շատ էի ոգևորվել, երբ իմացա, որ Մհեր Մանուկյանին լսելու հնարավորությյուն կունենանք։ Ես ինքս կիթառ եմ նվագում, ու նրանից սովորելու  շատ բան կունենամ»։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը

September 1, 2025
Կատեգորիա

Դբա մաս-մաքուր Դեբետ կամ մաքրության օր Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Մեր տասներորդ գարունը Արտենի գյուղում

September 3, 2025
Կատեգորիա

Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում

September 3, 2025
Կատեգորիա

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ. բացօթյա կինոթատրոն Դսեղում