Դարբնոց, թռչնաբուծարան, մասնագիտացված խոհանոց Դեբետում

September 1, 2025
Economic Development

Գյուղական համայնքերը սնուցող ու կենսունակ պահող ուղիներից մեկը տնտեսական նոր հնարավորություններն են։ Լոռու մարզի Դեբետ գյուղում իրականացվող «ՍՄԱՐԹ գյուղ» նախագծի առանցքային ուղղություններից մեկը հենց բիզնես հնարավորությունների ստեղծումն է՝ ենթակառուցվածքների ու հմտությունների զարգացման ծրագրերի հետ միասին։

Դեբետի գեղեցկության սրահի ու հացաբուլկեղենի արտադրության նախագծերի մասին ձեզ արդեն պատմել ենք։ Այսօր կներկայացնենք ևս 3 բիզնես նախագիծ՝ թռչնաբուծարանը, դարբնոցն ու Չամիչ հյուրատան ընդլայնվող մասնագիտացված խոհանոցը, որ շուտով կդառնան գյուղի տնտեսական ու զբոսաշրջային կյանքի կարևոր մասը։

Թռչնաբուծարան

2020թ․-ին Հայրերի օրվա կապակցությանբ հայտարարված դրամահավաքի միջոցներով Դեբետում արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց համար գյուղում մշտական աշխատատեղ ստեղծելու ուղղությամբ մի քանի ներդրումային նախագծեր իրականացվեցին։ Թռչնաբուծարանի ծրագիրը դրանցից մեկն է։

Դեբետի բնակիչ Գարիկ Նազլուխանյանի հողատարածքում ՔՈԱՖ-ի աջակցությամբ հիմնվում է փոքրիկ թռչնաբուծարան, որն սկզբնական շրջանում կունենա 500 հավ, ապա դրանց թիվը կհասնի 1000-ի։

Գարիկի՝ 9 անձից բաղկացած ընտանիքի տարբեր անդամներ ներգրավված կլինեն աշխատանքներում, իսկ բիզնեսի շնորհիվ գյուղում կհիմնվի 3 հիմնական աշխատատեղ։ «Մեր ընտանիքը կանոնավոր լավ եկամուտ կունենա այս ծրագրի միջոցով»,- նշում է Գարիկ Նազլուխանյանը։

Դարբնոց

Դեբետի բրենդավորումն իրականացնելիս քննարկումներին մասնակցում էր նաև 28-ամյա Տելեմակ Ոսկանյանը, որի մոտ գյուղի լոգոյով մետաղյա հուշանվերներ պատրաստելու գաղափար առաջացավ։

Պատմությունն սկսվում է համաճարակից․ «Ռուսաստանում դարբնագործությամբ էինք զբաղվում, ՔՈՎԻԴ-ի պատճառով վերադարձանք գյուղ, ու այնպես ստացվեց, որ մեր բիզնես գաղափարը դրամաշնորհ հաղթեց ՔՈԱՖ-ի կողմից հայտարարված մրցույթում»,- նշում է Տելեմակը։

Մինչ Տելեմակն ու իր հայրն անձամբ իրականացնում են դարբնոցի շինարարական աշխատանքները, պատվերները երկար սպասել չեն տալիս։ Իրենց ներկայիս ունեցած գործիքներով պատրաստում են դարպասներ, ճաղավանդակներ, դիզայներական դետալներ ու պատրաստվում հիմնել հնոց, հուշանվերների անկյուն ու զբոսաշրջիկների համար ինքնուրույն որևէ իր պատրաստելու հատված։ Հիմնվում է Ոսկանյանների ընտանեկան նոր բիզնեսը, արտագաղթելու միտքն ու պատճառը՝ հօդս ցնդում։

Չամիչ հյուրատան մասնագիտացված խոհանոցը

Դեբետում հյուրընկալության բիզնեսները գնալով շատանում ու կատարելագործվում են։ Այս զարգացումներից անմասն չի մնում նաև Չամիչ հյուրատունը՝ մտերմիկ ու գողտրիկ անկյուն, որտեղ կարող եք գիշերել, վայելել հայկական խոհանոցի համեղ ուտեստներ ու հիանալ Դեբետի՝ կանաչով շնչող բնությամբ։

Դեբետում բիզնես ծրագրերի զարգացման շրջանակներում ՔՈԱՖ-ի կողմից աջակցություն ստացավ նաև Չամիչ հյուրատունը։ Նպատակը հյուրատանը կից մասնագիտացված խոհանոց հիմնելն է, որտեղ համեղ ուտեստների պատրաստմանը զուգահեռ կանցկացվեն մասնագիտացված վարպետաց դասեր։

Չամիչի ընդլայնված խոհանոցը կկարողանա սպասարկել 80-90 այցելուի, իսկ խոհարարության դասերը կկարողանան ընդգրկել 15-20 հոգու։ Այս նախագծի շնորհիվ Դեբետում կբացվի 6 նոր աշխատատեղ։

Ամեն ինչ ծնվում է գաղափարից, իսկ Դեբետում բիզնես գաղափարների հավաքագրում ՔՈԱՖ-ն իրականացնում է ամեն տարի։ Մեր աջակիցների շնորհիվ ներկայացված բիզնես ծրագրերից լավագույները կյանքի են կոչվում՝ դառնալով մի ընտանիքի չարտագաղթելու, մեկ ուրիշի ավելի բարեկեցիկ կյանքի, մեկի՝ երկար տարիներ անլուծելի թվացող խնդիրների լուծման առիթ։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ փառատոն. Լոռու թաքնված ներուժը

September 1, 2025
Կատեգորիա

Մեղվաբուծությունը՝ զարգացող ոլորտ ու եկամտեր բիզնես Լոռիում

September 1, 2025
Կատեգորիա

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված դասընթացներ Լոռիում

September 1, 2025
Կատեգորիա

Դարբնոց, թռչնաբուծարան, մասնագիտացված խոհանոց Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Լոռիում բացվեցին պանրի երկու արտադրամասեր

September 1, 2025
Կատեգորիա

Դեբետում բացվեց գյուղի առաջին գեղեցկության սրահը՝ «Դ Սալոն»